Հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի ունեցած Մեծ հաղթանակի 75-ամյա զորահանդեսին, ի թիվս ֆաշիզմին պարտության մատնած այլ ազգերի և երկրների, հայոց Եռագույնի ներքո, խրոխտ քայլերով մասնակցեց նաև Հայաստանի հերոսական բանակի զորաջոկատը: Սակայն հակաֆաշիստական երկրների ղեկավարների շարքը, կորոնավիրուսի համաճարակի պատճառաբանությամբ, այս անգամ չէր համալրել Հայաստանի Հանրապետության վարչապետը: Եվ, փա՜ռք Աստծո:
Վերհիշենք, թե ինչպես Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ այս տարվա մայիսի 9-ին ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում ի լուր ամենքի, անթաքույց հպարտությամբ հայտարարեց, որ իր պապը՝ 1913 թվին ծնված Նիկոլ Առաքելի Փաշինյանը, 1941-1943 թվերին ծառայել է խորհրդային Կարմիր բանակի 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ գնդում և զոհվել, ուստի ինքը պատվով է կրում պապի անունը:
Այս հայտարարությանն անմիջապես արձագանքելով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Պոդվիգ նարոդա» կայքը համապատասխան մեկնաբանություն տվեց այն մասին, որ վարչապետ Նիկոլի կարմիրբանակային Նիկոլ պապը, գերի ընկնելով՝ որպես լեգեոներ համագործակցել է նացիստների հետ և զոհվել 1943 թ. վերջին՝ Կարմիր բանակի դեմ կռվում: Սրան արձագանքեցին նաև մի շարք այլ լրատվամիջոցներ: Անմասն չմնաց նաև Նիկոլ Վովաևիչի մամլո ծառայությունը, ափսոսանք հայտնելով, որ ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են ոչ հավաստի նյութեր՝ նպատակ ունենալով սեպ խրել հայ-ռուսական եղբայրության մեջ, նաև որ՝ ՀՀ վարչապետի պապը ոչ թե Նիկոլայ Վարդանի, այլ Նիկոլայ Առաքելի Փաշինյանն է:
Ս. թ. մայիսի 19-ին համացանցում ՀՀ վարչապետի պապի պաշտպանությամբ հանդես եկավ ոմն Ալեքսանդր Դյուկով և խրթին մտամարզանքներից հետո հայտնեց իր եզրահանգումն այն մասին, թե Նիկոլայ Առաքելի Փաշինյանը չի համագործակցել նացիստների հետ, Ղրիմում կռվել է նրանց դեմ և զոհվել 1942 թ. սկզբին: Սրանով ռուս «վերլուծաբանը» ցանկացել է արծարծվող հարցի վերջակետը դնել, սակայն կատարելով ակնհայտ պատվեր՝ բռնաբարել է ճշմարտությունը:
Իսկ ճշմարտությունը եղած փաստերի մակերեսին է, և պետք չէ ավելորդ ճիգեր թափել՝ թացը չորից զատելու համար: ՀԽՍՀ Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից 1941-ի ամռանը ռազմաճակատ են ուղարկվել երկու Նիկոլ Փաշինյան: Առաջինը եղել է 1903 թ. հունիսին ծնված Նիկոլ Վարդանի Փաշինյանը, երկրորդը՝ 1913 թ. դեկտեմբերին ծնված Նիկոլ Առաքելի Փաշինյանը:
1954 թ. տեղի ունեցած գրագրությունների ժամանակ ինչ-որ մեկի անփութության պատճառով, երկու Նիկոլների հայրանունները գրվել են նույն ձևով՝ Վարդանի: Թե նրանցից որն է նվիրվել նացիստներին, օգնում է պարզել ֆաշիստական հրամանատարության՝ գերմանացու բծախնդրությամբ կազմված մահվան վկայականը, որի պատճենը ներկայացված է վերոհիշյալ «Պոդվիգ նարոդա» կայքում: Այնտեղ պարզորոշ գրված է, որ իրենց մոտ որպես լեգեոներ ծառայած Հայաստանի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղի բնակիչ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1913 թ. դեկտեմբերի 23-ին:
Հետևությունները թողնում եմ ընթերցողին, նաև այն մտահոգությամբ, որ արատավորված չմնա մյուս (1903 թ. ծնված) Նիկոլի՝ Վարդանի որդու, բարի անունը, որ նրա սերունդները չապրեն ամոթի զգացումով:
Մհեր ԴԱՎԹՅԱՆ